National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
28.06.2022
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկվել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը
1 / 6

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Կարենի Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը հանձնաժողովի` հունիսի 28-ի արտահերթ նիստում քննարկվել է հատուկ ընթացակարգով: Ներկայացնելով թեկնածուի կենսագրական, մասնագիտական եւ աշխատանքային գործունեության վերաբերյալ հակիրճ տեղեկատվությունը` Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Աննա Վարդապետյանը համալրել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երիտասարդ դասախոսների կազմը` դառնալով առաջատարներից մեկը: Հանձնաժողովի նախագահի բնութագրմամբ` թեկնածուն մշտապես աչքի է ընկել չափազանց բարձր պատասխանատվության զգացումով, ցուցաբերել է ծայրահեղ սկզբունքային, արժեքային դիրքորոշումներ` կապված իրավունքի գերակայության, երկրում օրինականության հաստատման եւ արդարադատության հեղինակության բարձրացման հետ:

«Աննա Վարդապետյանը գլխավոր դատախազի պաշտոնում հնարավորություն կունենա իրագործել  դատախազական համակարգի կայացման, զարգացման եւ հետագա գործունեության բարելավմանն ուղղված կարեւոր բարեփոխումները»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա ներկայացրել է այն սկզբունքային փոփոխությունները, որոնք ակնկալում է տեսնել դատախազության համակարգում իր ծառայության ընթացքում եւ արդյունքում: «Ժողովրդավարությունն առանց օրենքի գերակայության ուղղակի գոյություն չունի: Կայացած դատախազական համակարգն օրենքի գերակայության ու, հետեւաբար, նաեւ ժողովրդավարության կայացման երաշխիքն է»,- ասել է Աննա Վարդապետյանը:

Անդրադառնալով Հայաստանում դատաիրավական համակարգում իրականացվող փոփոխություններին` թեկնածուն նշել է, որ այս գործընթացում լուրջ դերակատարություն ունի դատախազությունը: Նրա նպատակներից է` ներդնել իր գիտելիքներն օրենքի գերակայության ավելի բարձր նշաձողի սահմանմանը` նպաստելով Հայաստանում ժողովրդավարության կայացմանը:

Պատասխանելով հանձնաժողովականների հարցերին`  Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ մասնակցում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին, ուսումնասիրություններ է իրականացնում եւ առաջիկայում դատախազության բարեփոխումների վերաբերյալ կներկայացնի իր տեսլականը:

«Դատախազը պետք է դիտարկվի ոչ թե որպես մեղադրող, այլ` արդարադատություն վերականգնող, պահանջող: Սա պետք է լինի այն պատգամը, որով պետք է առաջնորդվեք»,- ելույթում նշել է Վլադիմիր Վարդանյանը:

Փաստաբանական պալատի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Քոչարյանի խոսքով` ցանկացած իրավական պետությունում գլխավոր դատախազի պաշտոնում նոր թեկնածուի նշանակումն իրավաքաղաքական լուրջ իրադարձություն է եւ կանխորոշում է իրավական կյանքի զարգացման օրինաչափություններն ու ուղենիշերը: «ԱԺ-ն ընտրելու է գլխավոր դատախազ բարդ քաղաքական իրավիճակում, մեր պետության ներքին անվտանգությանը նետված մարտահրավերների պայմաններում: Ըստ այդմ` գլխավոր դատախազի մասնագիտական գործունեությունից ակնկալիքները չափազանց շատ են, իսկ քրեական արդարադատության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը` անբնական ծանր: Դատախազության դերն ու նշանակությունն իրավապահ համակարգում բացառիկ է»,- նշել է Հովհաննես Քոչարյանը:

Եզրափակիչ ելույթում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել դրական գնահատականների համար, հավաստիացրել, որ աշխատելու է ուժերի գերլարումով: Միաձայն քվեարկությամբ հանձնաժողովը որոշել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Աննա Կարենի Վարդապետյանի թեկնածությունը:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am